Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վաղն այդ պաշտոնում Մոսկվա կատարելիք առաջին այցին ընդառաջ հայտնել է ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկելիք թեմաների մասին, որոնց թվում առաջնային է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

Ինչպես ադրբեջանցի նախարարը հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում, Լավրովի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները: Բացի այդ, Բայրամովը ընդգծել է Հայաստանին ռուսական սպառազինման մատակարարումների թեման:

Անդրադառնալով Զոհրաբ Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման հարցին՝ Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները ցանկանում են աշնանը նման հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներից, այդ թվում՝ Ռուսաստանից, ակնկալում ենք հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում՝ կառուցողական և էական բանակցությունների շրջանակներում»,- ասել է ադրբեջանցի նախարարը: