ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների մուտքը չի արգելվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ լրագրողներին թույլ չեն տալիս մասնակցել նիստին:

Փոխնախարարի խոսքով, հաշվի առնելով արտակարգ դրության ռեժիմն ու սահմանափակումները՝ երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում, կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել. «Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ»:

Անդրեասյանը նշեց, որ ԵՊՀ լրատվական ծառայությունը տեսագրել է նիստը և հասանելի կլինի համալսարանի կայքում: