Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ առաջին կոմերցիոն չվերթը նախատեսված է հաջորդ շաբաթ: Այն ամերիկյան եւ իսրայելական պատվիրակություններին կհասցնի Աբու Դաբի այն բանից հետո, երբ երկու երկրները պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները, հայտնում է AP-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնատար անձանց:

Չվերթով կթռչի ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանի գլխավորությամբ: Իսրայելական պատվիրակությունը բաղկացած կլինի ավիացիայի, տիեզերքի, առողջապահության եւ բանկային ոլորտի փորձագետներից:

Սա կլինի Իսրայելի պետական ավիաընկերության առաջին ուղղակի չվերթը դեպի Պարսից ծոցի արաբական երկիր, որը Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ պաշտոնական հարաբերությունների հաստատման համաձայնագրի իրականացման առաջընթացի կարեւոր նշան է:

Այս չվերթը նաեւ վկայում է գործարքին Սաուդյան Արաբիայի աջակցության մասին: Սաուդցիներն առայժմ չեն ասել, թե արդյոք թույլ կտան երկու երկրներին օգտագործել իրենց օդային տարածքը ուղիղ թռիչքների համար: Առանց Սաուդյան Արաբիայի համաձայնության թռիչքները, ամենայն հավանականությամբ, պետք է իրականացվեն Եմենի շուրջ եւ Պարսից ծոցով շրջանցիկ ու պոտենցիալ վտանգավոր երթուղով: