«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ։ Պատճառը՝պատգամավորի հայտարարություններն են, որոնցով ըստ հայցադիմում ներկայացնող կողմի արատավորվել է ընկերության համբավը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության փաստաբան, իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը։ «Պատճառը դարձել է այն, որ մեր գնահատմամբ պատգամավորը կատարել է զրպարտություն հանդիսացող տեղեկատվության տարածում՝ մասնավորապես մեղադրել է ընկերությանը կոռուպցիոն գործարքների մեջ՝ նախկին իշխանության հետ, եւ մենք սա դիտարկել ենք չհիմնավորված, չփաստարկված և զրպարտություն, որի նպատակն է ամբողջությամբ սևացնել ընկերության գործունեությունը, գործարար համբավը»,- ասաց Արմեն Մելքումյանը։

Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով դատի են տվել պատգամավորին։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պահանջում է պատգամավոր Արման Բաբաջանյանից ոչ միայն հերքել զրպարտություն հանդիսացող հայտարարությունները, այլ նաեւ՝ մեկ միլիոն դրամ փոխհատուցում։ Ընկերությունը մտահոգիչ է համարում հատկապես այն հանգամանքը, որ նման հայտարարություններ արվում են պատգամավորի մակարդակով։ «Գիտեք մեկ բան է դա արվում որեւէ ակտիվիստի, կամ սովորական քաղաքացու կողմից, բայց երբ մենք տեսնում ենք, որ նման արտահայտություն անում է օրինասատեղծ անձի կողմից, արդեն իսկ դառնում է մտահոգիչ»,- ասաց փաստաբանը։ Արմեն Մելքումյանը հիշեցրեց, որ մեկ այլ պատգամավորի կողմից ևս նման զրպարտություն հանդիսացող հայտարարություններ են եղել։
Խոսքը Սերգեյ Բագրատյանի մասին է։ Հանգամանքը, որ օրենսդիր մարմնի անդամներից ոմանք զրպարտություն են տարածում, ըստ փաստաբանի խոսում է այն մասին, որ վերջիններս չեն գիտակցում իրենց խոսքի, հայտարարությունների արժեքը։ «Նրանք պետք է հասկանան իրենց պատասխանատվությունը, որովհետեւ առանց հիմքի մեղադրել ընկերությանը կոռուպցիայի մեջ, իսկ կոռուպցիան ծանր հանցագործություն է»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ դատարանը շատ լավ հարթակ է, որտեղ նրանք հնարավորություն կունենան հիմնավորել իրենց խոսքերը։

Փաստաբանն ասաց, որ «Լիդիան Արմենիայի» մասին զրպարտություն հանդիսացող հայտարարություններ արվել է նաեւ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր իրենց բնապահպաններ են հռչակում։ Սակայն երբ դատական հայց է ներկայացվել նաեւ վերջիններիս նկատմամբ, նրանք դատարան չեն ներկայացրել։

Irakanum.am