Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը, որը երկարաձգվել է արդեն հինգերորդ անգամ և կավարտվի սեպտեմբերի 11-ին, ամենայն հավանականությամբ լինելու է վերջինը։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք պարետատունը քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցը։ «Ես կարող եմ ասել, որ դեռ շատ շուտ է ասել, արդյո՞ք արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի թե ոչ, որովհետեւ էլի ամեն ինչ կախված է լինելու թվերից, կախված է լինելու ընդհանուր վիճակից։ Բայց նախորդ անգամ խոսեցինք սրա մասին, հայտարավել է, որ սա թերևս լինելու է վերջին արտակարգ դրությունը, հետո անցում է կատարվելու, թերևս նախատեսվում է, որ այդպիսի քայլ կլինի, արտակարգ ռեժիմ է սահմանվելու»,- ասաց Մանե Գևորգյանը։

Արտակարգ ռեժիմի պայմաններում նույնպես խիստ սահմանափակումները շարունակելու են գործել, որոշակի սամանափակումներ հնարավոր է հանվեն։ Բայց այս ամենը կախված է լինելու վիճակագրությունից։ «Եթե այնպես ստացվի, որ օրինակ դպրոցների վերաբացումից հետո թվերը շարունակեն բարձրանալ, միգուցե կանոնների խստացում գնա, այլ ոչ թե թեթևացում լինի։ Ամեն ինչ կախված է թվերից»,- ասաց վարչապետի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ արտակարգ ռեժիմով փոխարիելու մասին ավելի վաղ խոսել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առնվազն հիմա արտակարգ դրությունը մենք կերկարացնենք, բայց նաև արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ, արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել», — պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. — «Այո, մենք էլ քննարկում ենք, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, բայց մյուս կողմից՝ մենք չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Էնպես որ, էստեղ մենք կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների»:

Irakanum.am