Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը:

RMC Sport-ի տեղեկություններով՝ 33-ամյա Սուարեսը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբի ղեկավարությունը ճնշում է գործադրում ուրուգվայցի հարձակվողի գործակալի վրա:

«Բարսելոնան» Լուիս Սուարեսի վաճառքից ստացվելիք գումարը մտադիր է օգտագործել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու նպատակով:

Լուիս Սուարեսի տեղափոխությամբ հետաքրքրված է նրա նախկին ակումբը՝ հոլանդական «Այաքսը», որտեղ Սուարեսը հանդես է եկել 2007-2011 թվականներին:

Սուարեսը, որի պայմանագիրն Իսպանիայի փոխչեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս, ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է մնալ «Բարսելոնայում», եթե նույնիսկ լինի պահեստային խաղացող: