Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «4+» սերնդի Սու-30 ՍՄ-ի լրացուցիչ խմբականակի մատակարարման հարցը, այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից:

«Հայ գործընկերների հետ աշխատանքը շարունակվում է: Ինքնաթիռների գնման հարցը կքննարկվի այն դեպքում, երբ հայկական կողմը հաստատի այդ հարցում իր հետաքրքրվածությունը»,-ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:

Հիշեցնենք, որ դեռ 2019-ի վերջին Հայաստանը Ռուսաստանից արդեն իսկ գնել է ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այժմ խոսքը կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը շարունակելու մասին է:

Սու–30ՍՄ–ը ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Իր տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ Սու-30ՍՄ–ը դասվում է 4++ սերնդի շարքը։ Այս մեքենայի գլխավոր նպատակը օդային տարածությունում գերիշխանություն հաստատելն է։ Այն կարող է կատարել իր առջև դրված առաջադրանքները` անկախ եղանակից և օրվա ժամից։