Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը բուժումը շարունակում է տանը. առողջականում դրական դինամիկա կա։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Դեպի դրական դինամիկա կա։ Վերակենդանացման բաժանմունքում չի գտնվում, արդեն տեղափոխվել է տուն։ Բժիշկները կողմ էին, որ շարունակի բուժումը բժշկական կենտրոնում, բայց Մանուկյանը խնդրեց իրեն տուն տեղափոխել։ Այդ բույն բուժումները ստանում է տանը՝ բժիշկները հսկողության ներքո»,- ասաց Փոստանջյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Պավել Մանուկյանը երկու շաբաթից ավելի բժշկական կենտրոնում էր բուժումը ստանում. «Շատ էր նեղվում, այդ պատճառով որոշեց բուժումը շարունակել տանը»։

Նշենք, որ օգոստոսի 20-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատավարությանը Փոստանջյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանք, որտեղ նշված էր, որ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է։

«Սասնա ծռերի» գործով դատավարությունը մոտենում է ավարտին։ Հիշեցնենք, որ գործով մեղադրող դատախազներն արդեն հանդես են եկել մեղադրական ճառով։

Մեղադրող կողմը դատարանին միջնորդել է Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ սահմանել՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։