Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները կրկին բողոքի ակցիա են անում` ահազանգելով իրենց 5–հարկանի շենքի բակում բարձրահարկ շենքի շինարարության մասին

Նրանց խոսքով` նոր կառուցվող շենքն ամբողջությամբ կփակի իրենց շենքը` զրկելով լույսից և արևից։ Բնակիչներն արդեն իսկ ստորագրահավաք են կազմակերպել ու դիմել քաղաքապետարան։

Irakanum.am-ին թաղամասի բնակիչներից ոմանք հայտնեցին, որ հիշյալ հասցեում բազմաբնակարան կառուցողը գործարար Խաչատուր Սուքիասյանն է։ Բնակիչների խոսքով նրա մարդկանց են հաճախ տեսել այդ վայրում։

Քիչ առաջ էլ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում թեմայի վերաբերյալ գրառում է արել։

Աղբյուր Սերոբի փողոց 18 հասցեում գտնվող շուրջ 1560ք.մ. մակերեսով տարածքը օտարվել է առնվազն 2000-ականներին՝ Երեւանի այն ժամանակվա Արաբկիր թաղային համայնքի կողմից (ավելի մանրամասն սրա վերաբերյալ կարելի է տեղեկանք վերցնել Կադաստրի կոմիտեից):

26.12.2019թ.-ին Երևանի քաղաքապետարանը տարածքի սեփականատեր քաղաքացի Ռուզաննա Ասուլյանին 2 ստորգետնյա և 10 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով տրամադրել է հ.01/18-07/2-116226-1352 նախագծման թույլտվությունը՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգի:

Հետագայում տարածքը ձեռք են բերել քաղաքացիների Էդուարդ Սուքիասյանը և Ագնեսա Մանուկյանը, ինչի արդյունքում հողամասը անվանափոխվել է և վերջիններիս դիմումի հիման վրա տրամադրվել է 20.05.2020թ. հ.01/18-07/1-Ս-1742-438 նախագծման թույլտվությունը:
Քաղաքաշինական եւ այլ նորմերի համապատասխանությունը.
Կառուցապատման նախագծի՝ նորմերին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացություններ են տվել

«ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը՝ 22.05.2020թ.,

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ 23.07.2020թ.,

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ 1.06.2020թ.,

«ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությունը՝ նախատեսվող բնակելի շենքի ինսոլացիոն (արեւի լույսին վերաբերող) ազդեցության վերաբերյալ 13.04.2020թ.:
Այս եզրակացությունների հիման վրա հիման վրա Երևանի քաղաքապետարան ներկայացված աշխատանքային նախագիծը համաձայնեցվել և 10.08.2020թ. տրամադրվել է հ.01/18-Ս-1006 շինարարության թույլտվությունը:

Ըստ համաձայնեցված նախագծի, նշված տարածքում նախատեսվում է ունենալ 61 բնակարան, 45 ավտոկայանատեղի:

Նախատեսվում է կանաչապատել հողամասի 40 տոկոսը՝ 625 քմ: Այս հաղորդագրությամբ ըստ էության հաստատվեցին մեր տեղեկությունները։

Մեզ հետ զրույցում Հայկ Մարությանի խոսնակը նշեց, որ տեղեկություն չունի խոսքն արդյո՞ք գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր Էդուարդ Սուքիասյանի մասին է։ Հակոբ Կարապետյանն այս առնչությամբ ասաց, որ բացարձակ տեղեկություն չունի։

Irakanum.am