ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի նախկին պետ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին։  Դատական առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին ժամը 12։00-ին։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ):

Խաչատրյաններն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: