Օրակարգ նախապես պլանավորված չկար. անդրադարձել ենք թե արտաքին քաղաքական հարցերի, թե ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին, եւ այդ առումով եղել է բավականին արժեքային քննարկում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 24-ին, «Իմ քայլը» խմբակցության հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպմանը մասնակցել է «Իմ քայլը» խմբակցությունը գրեթե 90 տոկոսով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Քաղաքացիական պյմանագիր» կուսակցության վարչության մեկ անդամ:

Մակունցն ընդգծեց, որ քննարկվել են մասնավորապես, դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր, կրթության ոլորտի բարեփոխումների հարցը, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքը. «Այդ թեմաներով ընդհանուր արժեքային մոտեցումներ են քննարկվել»:

Հարցին, թե արդյոք քննարկվել է Ադրբեջանի կողմում  հայ զինվորականի հայտնվելու փաստը, եւ Բաքուն մեղադրում է հայկական կողմին դիվերսիոն փորձի մեջ, Մակունցը պատասխանեց. «Նիստը վարչապետի հետ փակ է եղել, հետեւաբար մանրամասներին չեմ կարող անդրադառնալ»:

«ԻՄ քայլի» ղեկավարը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը չեն քննարկել: Հարցին, թե գո՞հ եք իր աշխատանքից, նա պատասխանեց. «Մենք չենք քննարկել անձերի, թեկնածուների, քննարկել ենք ընդհանուր մոտեցումներ, որպես պետական այրեր ինչպես ենք պատկերացնում, ինչպես ենք պլանավորում այս կամ այն ուղղությունով այս կամ այն ոլորտի զարգացումը»:

Նշենք, որ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով. «Հաճույքով, բայց ուշանում եմ»: