Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է շնորհավորական խոսքով: Նախարարը արդյունավետ և հաջող աշխատանք է մաղթել գնդապետ Տիգրան Պետրոսյանին:

Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

Նախարար Ցոլակյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի դեպքերի նվազում կա, սակայն հրահանգել է, որպեսզի մարզային փրկարարական վարչությունները չթուլացնեն զգոնությունը՝ հաշվի առնելով նաև, որ հնարավոր է սեպտեմբերին և հոկտեմբերին պատկերը փոխվի:

Նախարարն ընդգծել է, որ կորոնավիրուսի հետ կապված լուրջ խնդիրներ չեն ունեցել, հսկողությունը նույն կերպով շարունակվելու է:

Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը մի քանի հանձնարարական է տվել տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին. մասնավորապես՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մարզային և Երևանի փրկարարական վարչությունների պետերը պետք է հրդեհապայթյունավտանգ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեն:

Փրկարարական ուժերի վարչությունը համեմատություն է կատարելու հրդեհապայթյունավտանգ օբյեկտների ցանկի և հրդեհաշիջման օպերատիվ պլանների և քարտերի միջև: Տարբերության դեպքում օբյեկտների համար օպերատիվ պլաններ և քարտեր են մշակվելու: