Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակից:

«Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ 4 միլիոն դոլարի հրատապ օգնություն է տրամադրել 2020 թվականին: Միացյալ Նահանգները տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու ներդրումի կարիք ունեցող ոլորտներն ըստ առաջնահերթության», — նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ ՄԶԳ-ն այս նոր՝ 1 միլիոն դոլարի օժանդակությամբ կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին տնտեսապես վերականգնվել համավարակից և հարմարեցնել կարիքները ետկորոնավիրուսային աշխարհի իրողություններին:

Պետդեպարտամենտի կողմից տրամադրվող հավելյալ 436 հազար դոլարը կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից, ասված է հաղորդագրությունում:

Բացի COVID-19 համավարակի դեմ պայքարի համար տրամադրված վերոնշյալ աջակցությունից՝ անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է ավելի քան 1,57 միլիարդ դոլար, որից մոտ 106 միլիոն դոլարն՝ առողջապահության ոլորտում:

«Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները եղել է առողջապահության ոլորտի երկկողմանի օժանդակության աշխարհի խոշորագույն տրամադրողը: 2009 թվականից ի վեր, ամերիկացի հարկ վճարողների առատաձեռն ֆինանսավորմամբ, տրամադրվել է ավելի քան 100 միլիարդ դոլարի համաշխարհային առողջապահական օժանդակություն և գրեթե 70 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն», — նաև փոխանցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:

Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի վարակը հաստատվել է մոտ 43 հազար մարդու մոտ, հիվանդությունից մահացել է 854, ապաքինվել՝ ավելի քան 36 հազար մարդ: COVID-19-ից տվյալ պահին երկրում բուժվում է 5 հազար 666 մարդ: