172 երկրներ միացել են COVAX («Կովակս») միջազգային մեխանիզմին, որի նպատակն է արդարացի հիմքով բոլոր երկրների ապահովումը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով, երբ դրանք ի հայտ գան։ Այս մասին երկուշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է անցած շաբաթ բոլոր երկրներին ուղարկված նամակի մասին՝ կորոնավիրուսի դեմ միջոցների մշակման արագացման գործընկերությանը միանալու խնդրանքով։ «Այսօրվա դրությամբ 172 երկրներ մասնակցում են COVAX գլոբալ մեխանիզմին»,- ասել է գլխավոր տնօրենը։ Նրա խոսքով՝ հիմա «կա 9 պատվաստանյութ»։ «Մենք աշխատում ենք պատվաստանյութերի բոլոր արտադրողների հետ, որ բոլոր երկրներին, որոնք ժամանակին են միանում այս ջանքերին, ապահովենք արդարացի հասանելիություն բոլոր լիցենզավորված եւ հավանություն ստացած պատվաստանյութերին»,- արձանագրել է ԱՀԿ ղեկավարը։