Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 69 878-ով, ինչը երկրում ինֆեկցիայի տարածման սկզբից ի վեր դարձել է ռեկորդային ցուցանիշ։ Շաբաթ Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունն իր կայքում հայտնել է, որ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 2 975 701-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վարակվածների թվի նախորդ ամենամեծ օրական թիվը գրանցվել էր օգոստոսի 20-ին եւ կազմել 69 652։ Հնդկաստանի առողջապահության նախարարության կարծիքով՝ երկիրը կարող է արդեն օգոստոսի 23-ին անցնել 3 մլն ցուցանիշից։

Գերատեսչության տվյալներով՝ երկրում բուժում է ստանում 697 330 կորոնավիրուսային ինֆեկցիայով պացիենտ, ինչը 5 302 մարդով ավելի է, քան նախօրեին։ Մեկ օրում ապաքինվածների թիվն աճել է 63 631-ով եւ հասել 2 222 577-ի։ Մահվան դեպքերի թիվը 24 ժամում մեծացել է 945-ով եւ ընդհանուր կազմել 55 794։

Երկրում ապաքինման գործակիցը շաբաթ առավոտյան հասել է հիվանդացածների ընդհանուր թվի 74,69 տոկոսի։ Մեկ օր առաջ այս ցուցանիշը հավասար էր 74,3 տոկոսի, օգոստոսի 19-ին՝ 73,64 տոկոսի։ Այս ցուցանիշը կայուն աճ է ապահովում հուլիսի 20-ից, երբ կազմել էր 62,61 տոկոս։

Հնդկաստանը, որը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղն է գրավում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայիրց հետո, արդեն 18 օր մնում է վարակվածների թվի օրական աճով համաշխարհային առաջատար։ Ավելի մեծ քանակությամբ վարակվածներ են գրանցվել  Մահարաշթրա (657 449), Թամիլնադ (367 430), Անդհրա-Փրադեշ (334 940), Կարնաթաքա (264 546) եւ Ուտար-Փրադեշ (177 239) նահանգներում։