«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղափոխվել Երևան և նոր պաշտոն ստացել: Նախ՝ նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ՝ օգոստոսի 12-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին տեղափոխել են մայրաքաղաք՝ նոր պաշտոնի նշանակելով ՀՀ գլխավոր դատախազությունում։

Կարեն Գաբրիելյանը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից։ Սակայն այս որոշումն իր պատճառներն ունի:

Բանն այն է, որ, Դատախազությունում տարածված լուրերի համաձայն, վերջին շրջանում Գաբրիելյանի գործողությունների հետ կապված տարբեր տեղեկություններ են շրջանառվել, անգամ կասկածելի գործարքների մասին լուրեր են եղել, և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հավատարիմ մնալով յուրայիններին իր կողքը պահելու սկզբունքին, Կարեն Գաբրիելյանին բերել է Երևան՝ վատ հետևանքներից խուսափելու և իր անմիջական ենթակայության տակ աշխատելու համար:

Դրան զուգահեռ էլ նկատենք, որ Շիրակի նորանշանակ դատախազն էլ որոշել է իր համար նոր թիմ ձևավորել, և չի բացառվում, որ այժմ այլ մարդիկ ևս Շիրակի դատախազությունից տեղափոխվեն Երևան»,-գրում է թերթը։