Թուրքիայի կառավարությունը որոշել է Ստամբուլի Խորա վանքը, որտեղ գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին, դարձնել մզկիթ: Որոշումը հրապարակվել է կառավարության թերթում: Այդ մասին հաղորդել է ERT հունական հանրային հեռուստաալիքը:

«Դա բյուզանդական ամենախորհրդանշական հուշարձաններից մեկն է, որը հայտնի է իր գլուխգործոց որմնանկարներով. այն մզկիթի կվերածվի նույն ընթացակարգերով, ինչը եւ Սուրբ Սոֆյայի տաճարը»,-հաղորդում է հեռուստաալիքը:

Թուրքիայի կրոնի գործերի վարչությունը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ Ստամբուլի Խորա վանքը կօգտագործվի մուսուլմանական աղոթքների համար:

Վանքը, որը թանգարան էին դարձրել 74 տարի առաջ, գտնվում է Ստամբուլի Ֆաթիհի շրջանում:

Այն կառուցել են վեցերորդ դարում, մեր թվարկության 534 թվականին: Այն Ստամբուլի հնագույն պատմական հուշարձաններից մեկն է: Շենքը մզկիթի էին վերածել 1511 թվականին, ինչպես եւ Սուրբ Սոֆյայի տաճարը՝ Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո:

Խորա վանքը որպես մզկիթ օգտագործվել է 434 տարի եւ թանգարանի է փոխակերպվել 1945 թվականին՝ նախարարական որոշմամբ:

Թուրքիայի Բարձրագույն վարչական դատարանը՝ Պետական խորհուրդը, որոշել է այն մզկիթ դարձնել 2019 թվականին, համարելով, որ 1945 թվականի նախարարական որոշումը, որը հանգեցրել է շենքի՝ թանգարանի փոխակերպման, եղել է անօրինական: Պետխորհրդի որոշումը ի կատար չի ածվել մինչեւ այսօր, երբ հրապարակվեց նախագահի հրամանագիրը, հաղորդում է հեռուստաալիքը:

2020 թվականի հուլիսին մզկիթի վերածվեց ամբողջ աշխարհայում ճանաչված Սուրբ Սոֆյայի տաճարը՝ Ստամբուլի Այա Սոֆյան, որը մտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Թուրքիայի Բարձրագույն վարչական դատարանը հուլիսի 10-ին չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆյայի տաճարը թանգարանի վերածելու վերաբերյալ 1934 թվականի որոշումը: Անմիջապես դրանից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ստորագրել է տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մուսուլմանական ժամերգություններ սկսելու մասին հրամանագիրը: Առաջին նամազը Սուրբ Սոֆյայում կատարվել է հուլիսի 24-ին: