Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 29-ամյա Հայկ Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի և 23-ամյա Արտակ Վարդանյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: