7 ամիս աշխատավարձ չստացած Մարալիկի ծննդատան աշխատակիցներն այս պահին Շիրակի մարզպետարանում են. հանդիպում են փոխմարզպետի, տնտեսագետի հետ՝ հարցին որեւէ լուծում տալու համար։

Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանն ասաց, որ խնդրի լուծումը մարզպետարանում չէ. «Մենք հարցը բարձրաձայնում ենք՝ լուծում են պատկան մարմինները։ Մեր վերջին գրությունը վարչապետին եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին եղել է օգոստոսի 4-ին, դեռեւս պատասխան չունենք։ Խնդրի լուծման բանալին մեզ մոտ չէ»։

Նա ասաց, որ այս պահին հրավիրել են նաեւ տնտեսագետի. «Ուզում ենք բուժհաստատությունում ֆինանսատնտեսական ստեղծված իրավիճակն քննարկել եւ եւս մեկ անգամ կդիմենք պատկան մարմիններին։ Առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակողը Կառավարությունն է՝ ի դեմս Առողջապահության նախարարության, իսկ մենք քաղաքականությունն իրականացնողներն ենք»։