ՖԻԴԵ-ի կազմակերպած օնլայն Օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի C ենթախմբի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականը ջախջախիչ առավելության հասավ Թուրքիայի թիմի նկատմամբ 4,5։1,5 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի անդամների խաղերին, Երեւանի Շախմատիստի կենտրոնական տանը հետեւել է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հաղթանակ տարան Լեւոն Արոնյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ Ոչ ոքի խաղաց Լիլիթ Մկրտչյանը։ Գաբրիել Սարգսյանը զիջեց մրցակցին։  Մինչեւ այդ, առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով զիջել բուլղարացիներին։

C ենթախմբի առաջատարը Ռուսաստանն է, որը տարել է 3 հաղթանակ եւ ունի 6 թիմային միավոր։ Հայաստանը, Խորվաթիան, Եգիպտոսը, Անգլիան ու Բուլղարիան տարել են երկուական հաղթանակ եւ ունեն 4-ական միավոր։

Օգոստոսի 22-ին կանցկացվի եւս երեք տուր։ Խմբային փուլը կավարտվի օգոստոսի 23-ին եւս երեք տուրով։