ԱՄՆ նախկին պաշտոնատար անձանց մի խոշոր խումբ, հանրապետականների թվից, բաց նամակ է հրապարակել, որում խիստ քննադատության է ենթարկել համակուսակից Դոնալդ Թրամփին եւ համաքաղաքացիներին կոչ արել նոյեմբերյան նախագահական ընտրություններում քվեարկել նրա մրցակից՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի օգտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ներկայումս այս կոչը ստորագրել են ամերիկյան վարչակազմի 74 նախկին պաշտոնյա եւ օրենսդիր, որոնք անցյալում աշխատել են ԱՄՆ Կոնգրեսի Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում։ Նրանց թվում են՝ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ԿՀՎ տնօրեն Մայքլ Հեյդենը, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, նրա գործընկեր, իսկ հետագայում Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Նեգրոպոնտեն, NASA-ի ղեկավար Շոն Օ՛Քիֆը, սենատոր Ջոն Ուորները եւ մի շարք այլ Վաշինգտոնում լավ հայտնի դեմքեր, այդ թվում՝ ժամանակին Սպիտակ տան աշխատակազմում աշխատած։ ԱՄՆ իշխանությունների գործադիր թեւի այս պաշտոնյաների մի մասը աշխատել է արդեն Թրամփի օրոք։

«Մենք խորապես մտահոգված ենք կուրսով, որով մեր երկիրն ընթանում է Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ։ Թրամփն իր գործողություններով եւ հռետորաբանությամբ ցուցադրել է, որ օժտված չէ բնավորությամբ եւ բանիմացությամբ, որպեսզի իր հետեից տանի երկիրը, նրա անազնիվ պահվածքը նրան թույլ չի տալիս ծառայելու որպես նախագահ։ Սա հաշվի առնելով՝ մենք եկել ենք այն եզրակացության, որ Դոնալդ Թրամփը դավաճանել է մեր երկրին, եւ որ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահ պետք է ընտրվի  Ջոզեֆ Բայդենը»,- նշված է փաստաթղթում։