Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր պարտականությունների մի մասը փոխանցել է օգնականներին, այդ թվում՝ քրոջը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնին: Այս մասին հայտնում է BBC-ն։

«Կիմ Չեն Ընը նախկինի պես պահպանում է իր բացարձակ իշխանությունը, սակայն դրա մի մասն աստիճանաբար փոխանցվում է իր օգնականներին»,- նշված է Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության՝ երկրի խորհրդարանի առջև ունեցած ելույթում։

Հարավկորեացի հետախույզների կարծիքով՝ լիազորությունների մասնակի փոխանցման մասին Կիմ Չեն Ընի որոշումն ուղղված է «կառավարման հետևանքով սթրեսի թեթևացմանը և քաղաքականության ձախողման դեպքում պատասխանատվություն չստանձնելուն»:

Նշվում է, որ այժմ Կիմ Յո Չժոնը, ի թիվս քաղաքական այլ հարցերի, պատասխանատու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի նկատմամբ Փհենյանի վարած քաղաքականության համար, և փաստացի երկրի երկրորդ առաջնորդն է:

Այնուամենայնիվ, բոլոր որոշումներում վերջնական խոսքը շարունակում է մնալ ԿԺԴՀ ղեկավարինը։