Նախորդ երկու-երեք շաբաթների իրավիճակները համեմատելով՝ կարող ենք հանգել, որ ունենք կորոնավիրուսային իրավիճակի կայունացում։ Այս մասին կառավարության նիստում ասաց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ նախարարի՝ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը թեթև և կառավարելի է. «Հաշվի առնելով այն տնտեսական ակտիվությունը և ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ՝ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի»:

Նա նաև հավելեց, որ պետք է սպասեն և ակնկալեն, որ կտրուկ անկումներ դժվար կարողանան արձանագրել, սակայն դրված կանոնները և դեռ առկա սահմանափակումները պետք է պահպանեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կայունություն ասածը հարաբերական է, որովհետև այդ կայունությունը ցանկացած պահի կարող է փոխվել ու դառնալ անկայունություն. «Հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի նախընթաց անկմանը։ Իհարկե, թվերը հուլիսի հետ համեմատած նվազել են, բայց եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին։ Մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու։ Սա միայն Հայաստանի խնդիրը չէ, ամբողջ աշխարհում է այդպես»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով։