Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել հայտնի է որպես Լոտու Գուլի, գրում է Minval.az-ը՝ հղում տալով թուրքական լրատվամիջոցներին։

Աղբյուրը մանրամասնում է, որ արձակված չորս կրակոցի հետևանքով ծանր վիրավորում ստացած Սալիֆովին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Սալիֆովի վրա կրակել է նրա հետ ընթրող «Խան Ահմեդլինսկիյ» մականունով ադրբեջանցի մեկ այլ քրեական հեղինակություն։

Թուրքական ոստիկանությունը չարագործին ձերբակալել է Անթալիա-Դենիզլի մայրուղու վրա։

Նշվում է, որ Սալիֆովի դեմ նախկինում նույնպես իրականացվել են մահափորձեր․ այս տարվա փետրվարին Ստամբուլի ոստիկանությունը 17 մարդու էր ձերբակալել, որոնք ադրբեջանցի հայտնի «օրենքով գողի» դեմ մահափորձ էին պատրաստում։