Այսուհետ Հայփոստի միջոցով դեղեր ներմուծող քաղաքացիներն իրենց առաքանիները կստանան առանց ՀՀ մաքսային ծառայության կողմից բեռի պահման, եթե առաքանիում առկա դեղամիջոցը համապատասխանում է հետևյալ սահմանափակմանը. քաղաքացին ներմուծում է տվյալ դեղամիջոցը առաջին անգամ (տարվա մեջ միայն մեկ անգամ) և դեղամիջոցը չի գերազանցում թվով 5 անվանում (յուրաքանչյուր անվանումից մինչև 3 տուփ/սպառողական փաթեթ)։

Նախկինում  դեղեր պարունակելու պատճառով ՀՀ մաքսային ծառայության կողմից պահված առաքանիների վերաբերյալ Մաքսային մարմինների և «Հայփոստ» ընկերության կողմից մշակվում է ընթացակարգ` դրանք քաղաքացիներին հանձնելու համար: Ընթացակարգի մասին ՀՀ քաղաքացիները կտեղեկացվեն վերջինի հաստատման պահից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են միջազգային փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր: