Կառավարության այսօրվա նիստին օրակարգի հաստատումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6-րդ՝ «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կորոնավիրուսի արձագանքման ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» հարցը զեկուցելու համար խոսքի իրավունքը սխալմամբ տվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տալու փոխարեն:

Վարչապետն ուղղեց իր սխալը, բայց հարցրեց Թորոսյանին.

«Բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք, Առողջապահության նախարարությանը մի քիչ շատ փող տայիք»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանում է երկու միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհ։ Դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար,  մասնավորապես պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակի տարածման վիճակագրությունը՝ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի պանդեմիայի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար։

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է ստորագրել «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը։

Դրամաշնորհն ամբողջությամբ օգտագործվելու է նշյալ ծրագրի ծախսերի ֆինանսավորման համար` համաձայնագրի դրույթներին համապատասխան: