Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդացության նվազեցման ուղղությամբ քաղաքացիներից զատ տնտեսվարողների պատասխանատվությունն էլ պետք է բարձրանա։

«Մենք պրոակտիվ թեստավորումներ ենք անում։ Ես մի հետաքրքիր վիճակագրություն եմ ուզում ներկայացնել Լոռվա մարզից, որովհետև հատկապես Վանաձոր քաղաքը շարունակում էր դեպքերով ավելի բարձր լինել, քան մյուս մարզերն ու քաղաքները։ Եվ այնպես է ստացվել, որ տարբեր տեսակի հաստատություններից վերցված գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներից։ Անունները չեմ տալիս, բայց նրանցից երկրորդում 200 նմուշից 50-ը դրական է եղել՝ ասիմպտոմ։ Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում պարզապես կանոնները չեն պահպանվում ընդհանրապես։ Մեկ ուրիշ կարի ֆաբրիկա էլ ունենք Վանաձորից դուրս, զրո դրական է եղել»,- ասաց նախարարը։ Այսինքն՝ նրա խոսքով՝ ակնհայտ է՝ որտեղ կանոնները պահպանվում են, ունենք լավ արդյունքներ, իսկ որտեղ չեն պահպանվում, տասնյակ դեպքեր կան։ Հետո այդ դեպքերը տեղափոխվում են իրենց տներ, որտեղ ավելի մեծ տարիքի անձինք են վարակվում, և ունենում ենք նաև ողբերգական ելքեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց․ «Տեսչական մարմինը թող այդ երկու տեքստիլ ընկերություններով զբաղվի, որովհետև դա նշանակում է, որ խրոնիկ բնույթ է կրում։ Եթե նախորդ ճգնաժամերից հետո այդ պրոբլեմը կա, սա արդեն մեծ խնդիր է։ Ես էլի հիշեցի այդ լեգենդար պազ ավտոբուսը, որի մեջ աշխատանքի գնալուց ու գալուց սահմանվածից կրկնակի, եռակի անգամ ավելի մարդ է նստում»։