Ես այդքան էլ լավատես չեմ մարզպետարանի կամ որևէ պետական մարմնի վերահսկողական մեխանիզմի արդյունավետության վերաբերյալ, փոխարենը մտածում եմ, որ շատ արդյունավետ կարող է լինել, եթե քաղաքացիներն իրենք վերահսկեն գործընթացը, իրենք գնահատեն, օրինակ, իրենց քաղաքապետի աշխատանքը: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե քաղաքացին վերահսկողությունն իր պարտականությունը չի համարում, կարելի է լարվել՝ 1 տարի, 2-3 տարի, վերահսկողություն սահմանել առավել խիստ, բայց եթե քաղաքացի-իշխանություն հարաբերությունների խորքային, բովանդակային փոփոխություն տեղի չի ունենում, ժամանակավոր մի բան կլինի, հետո ամեն ինչ «դարձ ի շրջանս յուր» տեղի կունենա»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ ապակենտրոնացման առումով ևս խնդիր կա. «Զգում ես, որ քաղաքացին ուզում է վարչապետին ինչ-որ բան ասել, և պարզվում է, որ ինքն ուզում է՝ իր դարպասի դիմաց գտնվող ճանապարհահատվածը՝ 3 քմ, բարեկարգվի. ով պետք է լուծի այդ հարցը, եթե ոչ վարչապետը: Մեր քաղաքական ուղերձը միշտ նույնն է եղել՝ ուզում ենք, որ քաղաքացին կապ տեսնի իր գործողության և իրականության միջև: Ես հիմա սա գրոտեսկով եմ ասում»,-ասաց նա:

«Որ համատարած ավերակ է մեր երկրում, եկեք խոստովանենք. այսօր գլուխ ենք գովում՝ սուբվենցիա արեցինք, սա արեցինք, նա արեցինք, գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում այնքան ճանապարհ են նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում 1 տարում, բայց իրականում դեռ այնքան պետք է կառուցենք:  Համայնքներում էլ ավերակ վիճակը կապված է մի պարզ բանի հետ՝ ընտրություն կատարելու որակի ու չափանիշների հետ: Ամեն մարդ այսօրվա իր բակի, փողոցի վիճակի հետ կապը պետք է տեսնի նախորդ ընտրություններում, դրա նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, որովհետև դա եղել է իր քաղաքական ներդրումը, և դրա արդյունքն ստացվել է: Մենք ինչքան ուժեղացնենք քաղաքացու անհատական պատասխանատվության ինստիտուտը, այնքան կունենանք ուժեղ պետություն՝ բոլոր առումներով՝ սկսած անվտանգությունից, վերջացրած տնտեսությունից, առողջապահությունից»,-ասաց Փաշինյանը: