Այսօր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը 2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել:

Առաջին առաջարկը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ աշխատելու համար պահանջների վերանայմանը՝ ուսուցչի՝ համակարգ մուտք գործելու ընթացակարգի պարզեցման նպատակով, որի համաձայն դիտարկման են ներկայացվում նոր մոտեցումներ: Մասնավորապես՝ առաջարկվում է բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար և բարձրագույն մասնագիտական հաստատությունում սովորող կամ արդեն  բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց  թույլատրել  պայմանագրային հիմունքներով դասավանդել հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ որոշակի ժամկետում  մանկավարժի որակավորում ձեռք բերելու պայմանով:

Ըստ Մխիթար Հայրապետյանի՝ առաջարկը միտված է  հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանելու մոտիվացիայի խթանմանը և մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը:

Հանձնաժողովի նախագահի երկրորդ առաջարկով նախատեսվում է հեռավար կրթությունը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընդունված ձև՝ հիբրիդային ձևաչափով: Այսպիսով, աշակերտները կկարողանան ընտրել մի շարք առարկաներ հեռավար ուսուցման եղանակով:

«Այս համատեքստում սկսվում են կիրառվել կրեդիտային համակարգի գործիքները: Աշակերտները ստանալու են հնարավորություն՝ ընտրելու իրենց ուսումնական հաստատության հետ համագործակցող այլ ուսումնական հաստատություններից առարկաներ հեռավար կամ առկա եղանակով և կուտակել այդ առարկաների համար համապատասխան կրեդիտները, որոնք ճանաչվելու են իրենց հիմնական կրթական հաստատության կողմից: Առաջարկել եմ նաև կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրերի գաղափարը, երբ սովորողները հանդիսանում են երկու կամ ավել ուսումնական հաստատությունների աշակերտ: Սույն առաջարկն էլ նպատակաուղղված է աշակերտներին՝ անկախ բնակության վայրից, տրամադրել որակյալ կրթություն ստանալու հնարավորություն»,-նշել է Մխիթար Հայրապետյանը: