«Հայրենիք» կուսակցության աշխատանքային այցն Արցախ ամփոփվել է Պարգև սրբազանի հետ հանդիպմամբ։ Այս մասին հայտնում է «Հայրենիք» կուսակցությունը։

«Ավարտվեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ու կուսակցության խորհրդի անդամների եռօրյա աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն։

«Հայրենիք»-ի պատվիրակության վերջին կանգառը եղավ Դադիվանքը: Վանական համալիրում կուսակցության ներկայացուցիչներին հյուրընկալեցին Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Բարձր գնահատելով սրբազան հոր դերակատարումն ինչպես Արցախի գոյամարտում, այնպես էլ հաղթանակի կերտման գործում՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ հայկական երկու հանրապետությունների սահմաններն անառիկ են հենց այն մարդկանց շնորհիվ, ովքեր պետական շահը համարում են գերագույն արժեք՝ դրան ստորադասելով ցանկացած այլ աշխարհիկ գործոն։

Արցախի հոգևոր առաջնորդը վստահեցրեց, որ հայկական կողմի հաղթանակներն անդիմադրելի են, քանի որ Արցախում հայրենիքի պաշտպանության խնդրի շուրջ ձեւավորվել են միասնական եւ անհողդողդ համոզմունքներ»,- ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղարված գրառման մեջ։