Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալն ու կատալոնական ակումբում իսպանացի Էնրիկե Սետիենին փոխարինելը։

«Մեծ պատիվ էր Նիդերլանդների հավաքականը մարզելը։ 2,5 տարի արել եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք հաջողությամբ։ Հպարտ եմ այս ժամանակահատվածում ունեցած արդյունքներով։ Վստահ եմ, որ Նիդերլանդների հավաքականն ունի մեծ ապագա։

Բոլորը գիտեն, որ «Բարսելոնան» իմ երազանքի ակումբն է։ Առանձնահատուկ մի բան է այս ակումբը գլխավորելը»,- Կումանի խոսքը մեջբերում է Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնան» 4-5 միլիոն եվրո տուգանք կվճարի Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիային, քանի որ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Կումանի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականի հունիս:

57-ամյա մասնագետի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը: