Դատավորների ժողովի կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանի եւ Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումներում հնչել են նույն սուր հարցերը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Անդրադառնալով Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի՝ դիմումը հետ վերցնելուն՝ Բադալյանն ասաց. «Կարծես թե իր մեկնաբանությունն այն է, որ զգացել էր մեր բացասական դիրքորոշումը։ Ձեզ պիտի հավատացնեմ, քանի որ քվեարկությունը փակ ու գաղտնի է, նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարող կանխատեսել, թե պատգամավորներն ի վերջո ինչպես կքվեարկեն։ Այսօրվա եւ երեկվա բոլոր թեկնածուների հետ երկխոսությունը որեւիցե բանով չի տարբերվել պարոն Ավետիսյանի հետ հանդիպումից։ Ենթադրում եմ, որ պարոն Ավետիսյանի մոտ եղել է այդ տպավորությունը»։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր հանդիպում էին Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների ժողովի կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։

Հիշեցնենք, որ երեկ Վահրամ Ավետիսյանը հայտարարեց, որ հակասություններ կան իշխող քաղաքական մեծամասնության հետ, այդ պայմաններում անիրատեսական է համարում 80 ձայն ստանալը, եւ հետ է կանչել իր թեկնածությունը առաջադրելու համաձայնությունը։