Երբ այդ ամենը կապում են իմ ամուսնու գործի հետ, հավատացեք՝ մեզ համար այդ նույն ցավը նորից վերապրել է նշանակում․ թե՛ ինձ համար, թե՛ իմ երեխաների համար, թե՛ նրա ծնողների համար՝ բոլորիս համար։ Այս մասին 168․am-ին հայտարարել է 8 տարի առաջ սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի կինը՝ Լիլիթ Ավետյանը, ի պատասխան այն շահարկումների, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը ասուլիս է ունենալու «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որի ընտրության հարցն, ըստ աղբյուրի, շահարկումների առիթ է դարձել իշխանական տարբեր շրջանակների կողմից․ նրանք հիշեցնում են, որ 2012թ․ այդտեղ էր սպանվել  ռազմական բժիշկը։

«Անկախ նրանից, թե քանի տարի է անցել, ինձ համար բավականին ծանր է այս մասին խոսելը․ պարզապես մի խնդրանք՝ չէի ուզի դեպքը քաղաքականացվի։ Թե՛ ներկա իշխանությունից, թե՛ նախկին իշխանությունից իմ ամուսինը շատ ընկերներ է ունեցել՝ մտերիմ մարդիկ, ում հետ մինչ օրս իմ ընտանիքը կապ է պահպանում։ Ես ուղղակի չեմ ուզի՝ քաղաքականացվի դեպքը։ Երբ այդ ամենը կապում են իմ ամուսնու գործի հետ, հավատացեք՝ մեզ համար այդ նույն ցավը նորից վերապրել է նշանակում․ թե՛ ինձ համար, թե՛ իմ երեխաների համար, թե՛ նրա ծնողների համար՝ բոլորիս համար։ Ուղղակի խնդրում եմ՝ դեպքը ոչ մի կերպ չքաղաքականացնել, դա ոչ նախկիններին ինչ-որ բան կավելացնի, ոչ էլ ներկաներից ինչ-որ բան կպակասեցնի»,- ասել է Լիլիթ Ավետյանը։