Թեպետ Արցախի նախագահի ներկայացուցիչը անհեռատես ու վտանգավոր…

Ուզում եմ հույս հայտնել, որ Արցախի նախագահի խոսնակի գրառումը՝ կապված «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին իբր չընդունելու հետ, համաձայնեցված չի եղել նախագահ Հարությունյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Ի պատասխան ԱՀ նախագահի խոսնակին

Նախ՝ ուզում եմ հույս հայտնել, որ Արցախի նախագահի խոսնակի գրառումը՝ կապված «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին իբր չընդունելու հետ, համաձայնեցված չի եղել նախագահ Հարությունյանի հետ։ Իսկ թե ինչու եմ այդպիսի հույս հայտնում, կներկայացնեմ ստորև։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակը, ի պատասխան 168.am լրատվական կայքի, հայտնում է․ «Պարոն Վանեցյանի նկատմամբ պարոն նախագահն ունի շատ դրական վերաբերմունք, այս առումով որևէ խնդիր չկա: Բացի դրանից, պարոն Վանեցյանի ղեկավարած պատվիրակությանն արդեն հանդիպել է Խորհրդարանի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել, այնպես որ, այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել ես ուղղակի անիմաստ եմ համարում»: Այնուհետև, հավանաբար, Երևանից զանգ ստանալուց հետո իր ֆեյսբուքյան գրառմամբ նույն թեմայով նշում է՝ «Մեկ կարևոր հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ»։

Անհրաժեշտ եմ համարում խոսնակին խորհուրդ տալ չպատասխանել Երևանից հնչող «ղեկավար» զանգերին, քանի որ բոլորին է արդեն հայտնի ՀՀ իշխանությունների գործունեության վտանգավարությունը, և հենց այդ վտանգավոր գործունեության շրջանակում հնչող հանձնարարությունների կատարումը ծանր դրության մեջ են դնում նախ իրեն՝ խոսնակին, հետո՝ ԱՀ նախագահին։

Ինչ վերաբերում է բուն նյութին, ապա հարկ եմ համարում ընդգծել.

Թեպետ Արցախի նախագահի ներկայացուցիչը անհեռատես ու վտանգավոր հայտարարություններ է անում, այդուհանդերձ մենք չենք տրվի սադրանքի և համբերատար կսպասենք որոշ պաշտոնյաների կամակատար կեցվածքի թոթափմանը։

Մենք Արցախ էինք այցելել աշխատանքային այցով և խորհրդարանական ուժերի հետ քննարկել ենք Արցախի հիմնահարցը և Արցախին օգտակար լինելու մեր ցանկություններն ու հնարավորությունները։ Ցավալի է ԱՀ պաշտոնական աղբյուրից լսել տեսակետ, որ ՀՀ ներքաղաքական որևէ պատճառաբանությամբ կարող են Հայաստանի Հանրապետության կամ սփյուռքի որևէ ներկայացուցչի առջև դռները փակելու մասին մտածել։

Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ քաղաքական ուժ, որ Արցախի հարցում տարբերվող մոտեցումներ ունենա։ Ցավալի է, որ Արցախի նախագահի խոսնակը, ով հանդես է գալիս Արցախի նախագահի անունից, փորձում է հայության մեջ բաժանումներ մտցնել։

Եթե ԱՀ նախագահի ներկայացուցիչը պնդում է, որ իրենց համար ընդունելի չեն այն քաղաքական ուժերը, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, ապա պետք է խոսնակին հիշեցնեմ, որ ՀՀ քաղաքական ուժերի և գործիչների, ինչպես նաև ժողովրդի ծանրակշիռ մեծամասնությունը չի ընդունում, ավելին՝ ծայրաստիճան կոշտ քննադատության է ենթարկում փաշինյանական իշխանության ազգադավ քաղաքականությունը։ Հետևաբար ստացվում է, որ ԱՀ նախագահը հրաժարվում է հայության մեծամասնության աջակցությունից։

Այսպիսով, հորդորում եմ նախագահ Հարությունյանի ներկայացուցչին չանել անհեռատես հայտարարություններ։