Լիբանանի նախագահ Միշել Աունը հանդես Է գալիս Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծելու դեմ, բայց թույլ Է տալիս դրանում արտասահմանցի հետաքննիչների մասնակցությունը:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել Է, որ այդ միջադեպի պատճառով չի պատրաստվում վաղաժամկետ թողնել պաշտոնը:

«Մեր Սահմանադրությունը պահանջում Է, որ մեր դատական համակարգն ինքը հետաքննի ներքին խնդիրները: Դա չի բացառում ֆրանսիացի, ամերիկացի եւ այլ երկրների հետաքննիչների ներկայությունը, որոնք արդեն օգնում են մեր ոստիկանությանը»,-ասել Է նա Corriere della Sera իտալական թերթին տված հարցազրույցում:

Խոսելով պայթյունի պատճառների մասին՝ Աունը կրկնել Է այն թեզիսը, որ այժմ տեղի ունեցածի վարկածներից ոչ մեկը չի բացառվում, թեեւ առավել հավանականը դժբախտ պատահարն Է:

«Բազմաթիվ լիբանանցի վկաներ պնդում են, որ պայթյունից ոչ շատ առաջ ինքնաթիռներ են տեսել: Նրանց անհրաժեշտ Է լսել, նույնիսկ եթե նրանք, հնարավոր Է, մեծ վստահություն չեն ներշնչում»,-ընդգծել Է Աունը:

Բացի այդ, Աունը կտրականապես հերքել Է այն վարկածը, որ պայթյունը տեղի Է ունեցել «Հըզբոլլահ» շարժմանը պատկանող զենքի պահեստում, ինչն իր հերթին կհանգեցներ ամոնիումի նիտրատի ավելի խոշոր պայթյունի:

Նախագահը նաեւ բացառել Է իր վաղաժամկետ պաշտոնաթողության հնարավորությունը, հավելելով, որ Լիբանանում նոր ընտրությունները կարող են տեղի ունենալ տարվա «կամ վեց ամսվա» ընթացքում: Ավերիչ պայթյունը որոտացել Էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում:

Պայթուցիկ ալիքը ոչնչացրել եւ վնասել Է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները, ավելի քան 300 հազար մարդ մնացել Է առանց տանիքի: Զոհվել Է 171 մարդ, տուժել Է շուրջ 6 հազար հոգի, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Լիբանանի ՆԳ նախարարության տվյալներով, ողբերգության պատճառը դարձել Է եռակցման աշխատանքների ժամանակ 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումը, որը 2014 թվականին բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: