«Հայրենիք» կուսակցությունը հայտնում է. «Օգոստոսի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի միջև։ Հանդիպմանը ներկա էին նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամները։

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրեց Արցախի ԱԺ գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտելով խորհրդարանում ներկայացված կուսակցությունների միջև վստահության ու համագործակցային մթնոլորտի, ինչպես նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ճանապարհին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը։

Արթուր Վանեցյանը կարևորեց հայկական երկու հանրապետությունների քաղաքական համակարգերում կուսակցությունների դերակատարությունը և միջկուսակցական շփումները ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության շրջանակում։

«Մենք բաց ենք համագործակցության համար արցախցի մեր գործընկերների հետ՝ հանուն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման»,-շեշտեց Արթուր Վանեցյանը։

Կողմերն անդրադարձ կատարեցին նաև Արցախի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն ու համավարակի դեմ պայքարին առնչվող հարցերի»: