Վրաստանի կառավարությանը պատկանող Mitsubishi Challenger 850 բիզնես դասի օդանավը նախօրեին Մինսկ է մեկնել․ այս ինքնաթիռով սովորաբար մեկնում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում է The Bell-ի թելեգրամյան ալիքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ օդանավը Բելառուսի մայրաքաղաքում երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում է վայրէջք կատարել։ Այն Մինսկի օդանավակայանում մոտ մեկ ժամ է մնացել, այնուհետև վերադարձել է Թբիլիսի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մինսկում նախօրեին ժամանակակից Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցն է անցկացվել։ Tut.by կայքի գնահատականներով` իր ձայնը բարձրացնելու համար փողոց է դուրս եկել Բելառուսի առնվազն 200 000 քաղաքացի։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: