Պրոցեսը սկսվել է, Հայաստանը վեր է ածվում մի մեծ շինհրապարակի, Ֆեյսուբուքի ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Գեղարքունիքի մարզ կատարծ իր այցելությունը։

«Այսօրվա այցը ես այսօր պայամանականորեն ինքս իմ մեջ անվանեցի հեղափոխության բերքահավաքը։ Այն ժամանակ մենք խոստումներ էինք տալիս մարդկանց, այսօր այդ խոստումները կատարվում են։ Եվ հարց է՝ արդյոք սրա համա՞ր է տեղի ունեցել հեղափոխությունը։ Այո, սրա համար է տեղի ունեցել հեղափոխությունը, որովհետև այսօր գյուղերում կոնկրետ քաղաքակրթական հեղափոխություն  է տեղի ունենում։ Գյուղերում մարդիկ շրջել են կալոշներով, սապոգներով, այսօր մարդիկ իրենց տնից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում՝ ջրահեռացման համակարգերով, լուսավորության համակարգերով։ Եվ սա ինձ լավատեսություն է տալիս ասելու, որ  ՀՀ-ն դառնում է մի մեծ շինհրապարակ»,- հավելեց նա։

Վարչապետը հավելեց․ «Ես տեսա գյուղական փողոցներ, որոնք պատմության մեջ երբեք ասֆալտապատ չեն եղել և ասֆալտապատվում են։ Ընդ որում, խոսքը չի գնում միայն ասֆալտապատման մասին, այդ գյուղական փողոցները ձեռք են բերում ջրահեռացման համակարգեր։ Ես տեսա ջրահեռացման համակարգեր, որոնք երբեք գոյություն չեն ունեցել, փողոցներ, որոնց մի մասը կամ երբեք ասֆալտապատված չի եղել, կամ վերջին 30-40 տարվա մեջ ասֆալտապատված չի եղել։ Տեսա փողոցային լուսավորություն, որ նախկինում երբեք գոյություն չի ունեցել, մանկապարտեզներ կան, որոնք զրոյից են կառուցվում կամ նորոգվում են»։

Նա նշեց, որ այս ամենը տեսնելով արձանագրում է՝ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման բանաձևն աշխատում է։ «Եվ այդ բանաձևի անունն է սուբվենցիոն ծրագրեր։ Սուբվենցիոն ծրագրերի առավելությունն այն է, որ դրա ֆինանսավորմանը մասնակցում է և համայնքը, և կառավարությունը»,- նշեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ այս պահին ավելի քան 6 մլրդ դրամի սուբվենցիոն նախագծեր են Գեղարքունիքի մարզում իրականացվում։

«Ես հեղափոխության ժամանակ մարդկանց ասում էի՝ մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ։ Մենք այսօր այս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որպեսզի նրանք ավելի վստահ քայլեն»,- հավելեց Փաշինյանը։