Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է sputnik.by կայքը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է կապվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը, որն արդեն սպառնում է «ոչ միայն Բելառուսին»:

«Բելառուսի դեմ ագրեսիա է հյուսվում: Պետք է կապվել Պուտինի` ՌԴ նախագահի հետ, որպեսզի նրա հետ բանակցեմ հիմա: Որովհետև սա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի դեմ»,-հավելել էր Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է: