«Փյունիկ» ՖԱ-ի երկրպագուական  «Սեկտոր 18» ֆան շարժումը  Հայաստանում առաջին  հայկական ակումբային գրաֆիտին է ստեղծել։ Գրաֆիտին  Երևանի Թումանյան փողոցի պատերից մեկի վրա է արվել։

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Սեկտոր 18» ֆան շարժման հիմնադիրներից Արշակ Պապոյանը։

«Ֆանատական մշակույթն ենք զարգացնում Երևանում, Հայաստանում, հավաքականի մակարդակով իհարկե ՖԱՖ-ը կա, բայց ակումբային մակարդակով նոր է զարգանում այդ ամենը։ Տարբեր թիմեր ունեն, բայց Երևանում ամենազարգացած, համախմբված ֆան կլումբը «Փյունիկինն» է՝ «Սեկտոր 18»,- ասաց Արշակ Պապոյանը, հավելելով, որ Հայաստանում եղել է ակումբային գրաֆիտի Մանումենտում, բայց Լեհական Լեգիա թիմի , իսկ սա հայկական ակումբային առաջինն է։


Թե ինչու 18, Պապոյանը բացատրում է՝ Ֆան ակումբը 2018 թվականին է ձևավորվել, շուտով՝ սեպտեմբերի 1-ին նշելու են կազմավորման երկրորդ տարեդարձը։ Համարում են երիտասարդ, բայց կայացած։ «Գրաֆիտին արել ենք, որպեսզի քաղաքի մեջ ներարկենք Փյունիկը, մեր գույները։ Մենք կարգախոս ունենք՝ Երևանը նռնագույն է, դա ուզում ենք մտցնել մարդկանց ենթագիտակցության մեջ։ Երևանը գույներ ունի, ամեն մարդ այն տեսնում է իր պատկերացրած գույներով, մենք փորձում ենք ֆուտբոլային առումով նռնագույն դարձնենք»,- ասաց Արշակ Պապոյանը։


Ֆան ակումբի նախաձեռնությունը արդեն իսկ ոգևորել է «Փյունիկ»-ի ղեկավարությանն ու ֆուտբոլիստներին։ «Սեկտոր 18»-ից վստահեցնում են նախաձեռնությունը լինելու է շարունակական, և առաջիկայում Երևանի տարբեր հատվածներում նման գրաֆիտներ կհայտնվեն։

Ֆան շարժման ակտիվ անդամներից Հակոբի  և Հենրիկի ջանքերով է նկարվել գրաֆիտին՝ 1 օրում։  Վստահեցնում են՝ այն շարունակական է լինելու։

Irakanum.am