ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցեց Սևանի Համալիր սոցծառայությունների տարածքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի պայմաններին ծանոթանալուց հետո, վարչապետը դուրս եկավ մարդկանց հետ զրուցելու:

Վարչապետին մոտեցավ Սևանից մի երեխա և խնդրեց լուսանկարվել վարչապետի հետ, ապա հետաքրքրվեց՝ մեր բակը ե՞րբ եք ասֆալտապատելու: Վարչապետն էլ դիմեց Սևանի քաղաքապետին՝ դե պատասխանեք, ե՞րբ ենք ասֆալտապատելու:

Քաղաքապետ Սարգիս Մուրադյանը նշեց, որ արդեն աշխատանքներն սկսել են, և սկսեցին ծանոթանալ ասֆալտապատման աշխատանքներին:

Մի կին էլ վարչապետից խնդրեց օգնեն՝ տուն գնել, նշելով որ ամուսինը հաշմանդամ է և օրավարձով է աշխատում: «Ձեզ ինչ-որ բանով կաջակցենք, բայց չգիտեմ ինչով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, դիմելով ժողովրդին հարցրեց՝ ո՞նց եք ժողովուրդ ջան, գիտեմ, որ շատ լավ չեք, մարդիկ էլ նշեցին, թե լավ են:  Ապա Փաշինյանը մտավ էլեկտրոնիկայի խանութ և հարցեց՝ արդյոք շատ են տուժել, առևտուրը նվազե՞լ է, աշխատակիցները պատասխանեցին՝ ոչ: «Չե՞ք ուզում բողոքել, լավ: Հետո ֆեյսբուքում կգրեք բողոքները, սենց չեք ուզում բողոքեք»,- կատակեց վարչապետը:

Մի մարդ էլ Փաշինյանին ասաց, որ իրենց շենքը 12 տարի է արդեն, ինչ վթարային է: Նա նամակ փոխանցեց և հավելեց, որ շենքում մնացող չկա, երկու բնակիչ են մնացել, սենյակն էլ քանդվել է: Ի պատասխան վարչապետը նշեց. «600-ից ավել վթարային շենք կա Հանրապետությունում, հերթով լուծում ենք խնդիրը»:

Մի երիտասարդ էլ, դիմելով վարչապետին, ասաց. «Եղբայրս հենակետում հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, թոշակը կտրել են, դիմել ենք դատարան, եթե հնարավոր է վերականգնեք»: Մի թոշակառու էլ դժգոհեց. «30 հազարով ո՞նց ապրենք»: Փաշինյանը նշեց՝ «դրանից առաջ էլ 25 հազարով եք չէ՞ ապրել, կամաց-կամաց բարձրացնում ենք»: Բնակիչները Փաշինյանին բազմաթիվ նամակներ փոխանցեցին:

Հագուստի խանութում էլ վարչապետին տեղեկացրին, որ 70 տոկոսով կրճատվել է առևտուրը: Փաշինյանը հետաքրքրվեց՝ հակաճգնաժամային միջոցառումներից օգտվե՞լ են: Խանութի աշխատակիցը պատասխանեց, այո, 62 հազար դրամ են ստացել: Վարչապետն ասաց, ճիշտ է՝ գումարը քիչ է, բայց ուրախ է, որ ինչ-որ բանով կարողացել են օգնել, ինչ-որ բանով թեթևացրել են նրանց հոգսը:

«Պետք է հակահամաճարակային կանոնները պահենք, ոչ մեկիս տրամադրությունն էլ լավ չէ, որովհետև այս ճգնաժամը պրոբլեմ ստեղծեց, պետք է պահենք կանոնները, որ հիվանդությունը կանգնի, կարողանանք վերականգնվել: Հիմա ես էստեղ եմ, մեծ մասդ դիմակով եք, գնամ, էլի դիմակով չեք լինի: Հո մեզ համար դիմակ չեք դնում, ընդհանուր պրոբլեմ է, պետք է հաղթահարենք»,- ասաց նա: