ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» ֆեյսբուքյան գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանին ուղարկել են հարկադիր պարապուրդի։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի′ հայրենակիցներ, գործընկերներ, ես` ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանս, երկարատեւ հարկադիր անգործությունից հետո ստիպված եղա հանդես գալ հայտարարությամբ, որը, մեղմ ասած, չի բխում ինձ ոստիկանության կադրերի ռեզերվի ուղեգիր «նվիրած» անձանց շահերից: Այո, անձանց, քանի որ այն պատճառը, որի հետեւանքով ես հարկադիր պարապուրդում եմ, մի քանի պագոնակիր անձինք են, ովքեր ոտնահարել են իմ` ազատության իրավունքը եւ հիմնավորում են ներկայացրել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին առ այն, որ ես ֆեյսբուքում լայքել եմ ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» գրառումը: Այո ինձ համար Արցախը գերագույն արժեք է եւ ցանկացած զտարյուն հայի համար Արցախը պետք է լինի գերագույն արժեք:

Պարոնայք սպաներ, օրենքի պահապաններ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Եվ միանշանակ, ֆեյսբուքում եւ առհասարակ, առցանց տիրույթում աշխատանքային ժամերից դուրս այս կամ այն գրառումը լայքելը իմ իրացվունքն է, եւ լայքելու պատրվակով ինձ այս դժվար պայմաններում ռեզերվ ուղարկելը հակասահմանադրական, հակաօրինական երեւույթ է:

Ձեռքիս տակ ունեմ խոսուն ապացույց, որը կենդանի փաստ է եւ հիմնավորում է իմ այն թեզը, որ ես ռեզերվ եմ ուղարկվել բացառապես ապօրինի եւ կամայական կերպով: Պարոնայք պատասխանատուներ, բարձրաձայնածս հարցին լուծում չտալու դեպքում, խոստանում եմ հրապարակել ինձ մոտ եղած ապացույցը: Սա ընդունեք ոչ թե որպես շանտաժ, այլ երկխոսության հրավեր եւ արդարացի ու օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու կոչ: Ի վերջո, ոստիկանության առաքելությունը ապօրինությունների կանխումն ու չթույլատրումն է, իսկ այս դեպքում դուք ինքներդ եք ոտնահարում ձեր ստանձնած առաքելության առանցքային գաղափարը, ինչը, միանշանակ, պատիվ չի բերում ձեզ: Հարգեք օրենքը, հարգեք ձեր գործընկերներին, թեկուզ եւ, ձեզանից ցածր կոչում ունեցող ոստիկաններին, ովքեր վաղվա գեներալներն են, ի վերջո, ոչ ոք հավերժ չէ եւ ոչինչ հավերժ չէ, բացի ձեր կատարած գործերից…Հետեւություննե′ր արեք եւ վերանայեք ձեր գործելաոճը: ԵՎ հիշեք՝ ԱՄԵՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է

Բարին ընդ ազգիս…

Պատիվ ունեմ…