ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության եւ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական անհետաձգելի գործողությունների, համակարգված եւ հետեւողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի եւ այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող եւ «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու եւ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Բացահայտված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն, որտեղ ստեղծված քննչական խմբի կողմից 2020թ. օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ջանքերով կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը եւ նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակիցը:

Քննությամբ պարզվել է, որ մասնավոր, այն է՝ իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար քաղաքացին դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին: Վերջինս «օրենքով գողի» հանձնարարությունը փոխանցել է քրեակատարողական հիմնարկում գտնվող, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, այսպես կոչված «զոն նայողին», ով իր հերթին իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցների ներգրավմամբ ստանձնել է վեճի լուծման վերաբերյալ «օրենքով գողի» հանձնարարության կատարումը՝ ձեռնարկելով դրան ուղղված կոնկրետ գործողություններ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ եւ համարժեք բոլոր գործողությունները խմբավորման մասնակիցների եւ դրան ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: