Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը: NNA-ը հայտնում է, որ Բեյրութ է ժամանել հայկական երրորդ օդանավը, որն իր հետ 12 տոննա օգնություն է բերել:

Հայաստանից մեկնած ինքնաթիռը Բեյրութի օդանավակայանում դիմավորել են Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Լիբանան ուղարկվող ավելի քան 12 տոննա հումանիտար օգնությունն իր մեջ պարունակել է սնունդ, տեքստիլ արտադրանք, համակարգչային տեխնիկա և դեղորայք, որոնք ընտրվել են` ըստ ընդունող կողմի ներկայացրած կարիքների:

Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին` Արցախի ժողովրդի անունից: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել հումանիտար օգնություն` նախատեսված օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն ցույց տալու համար:

Հայաստանից ուղարկված երեք օդանավերով Լիբանանից Հայաստան է ժամանել շուրջ 100 հայ, որոնք Բեյրութում բնակվելու խնդիրներ են ունեցել նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: