Այսօր 5-րդ անգամ Կառավարությունը ներկայացնում է արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկ, մենք գտնում  ենք, որ արտակարգ դրությունը երկարաձգելու որևէ հիմք չկա և «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու մեր գործընկերների քիչ հետո ներկայացվելիք նախագծին, որն է՝ չերկարաձգել արտակարգ դրությունը. Ազգային Ժողովի նիստում, անդրադառնալով Կառավարության որոշմանը՝ ևս մեկ ամսով արտակագ դրությունը երկարաձգել,  նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այստեղ 20 ավելի հարց հնչեց՝ ինչու Եվրամիության տարբեր երկրներ չեն բացում Հայաստանի հետ օդային սահմանը, Դուք ասեցիք, որ խնդիրը իրենց մեջ է: Այո, եթե Հայաստանը այդ երկրներում նշված է կարմիր՝ որպես «ՍՈՍ», որտեղ 5-րդ ամիսը երկարաձգվում է արտակարգ դրությունը, բնականաբար այդ երկրների լեգիտիմ ռեակցիան պետք է լինի Հայաստանի հետ չբացել օդային սահմանը:

Իսկ օդային սահմանը չբացելով՝ մենք կանգնում ենք մի քանի պրոբլեմների առաջ, որից մեկը այսօր տեսանք Կառավարության դիմաց, երբ արտագնա աշխատանքի մեկնողները պահանջում էին Ռուսաստանի հետ օդային սահմանը բացել, որ Ռուսաստանում օրինական աշխատանք ունեցողները  կարողանան գնալ աշխատելու». նշեց նա:

Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով բաց տարածքներում դիմակներ կրելու Կառավարության պահանջին, նշեց, որ  օրեր առաջ ԱՀԿ-ն կրկին վերահաստատել է իր այն  դիրքորոշումը, որ ապացույցներ չկա, որ բաց տարածքներում դիմակների կրումը արդյունավետ է վիրուսի կանխարգելման հարցում, և ընդգծել՝ որ  դիմակ պետք է կրի բուժաշխատողը  և վարակակիրը.

«Հիմա դուք ասում եք, որ դիմակները հանենք պուրակներում, հիմա ձեզ հարց եմ տալիս, ո՞րն է տարբերությունը պուրակի և Մաշտոցի պողոտայի միջև, եթե եզրափակիչ խոսքում հիմնավորեք պուրակում դիմակ չկրելը լեգիտիմ է, իսկ Բաղրամյան կամ Մաշտոցի պողոտայում՝  բաց տարածքում դիմակ կրելը լեգիտիմ չէ, և դրա համար քաղաքացին պետք է տուգանվի, ես կուզենամ այդ տրամաբանությունը հասկանալ»:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երկու անգամ ականատես է  եղել բնակչության նկատմամբ ոստիկանության գործողությունների անհամաչափ դրսևորման.

«Տարօրինակ շոու են ցուցադրում, ես չգիտեմ՝ դա ինչի՞ համար են  ցուցադրում,  դա Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու մանկական կոմպլեքս է, ոչ համաչափ գործողություն են իրականացրել մարդկանց հանդեպ, որովհետև  40 աստիճան տապին իջեցրել են դիմակը՝ շոգին չխեղդվելու համար»,-ասաց նա:

ԲՀԿ պատգամավորը նաև ասաց, որ Կառավարությունը նշել է, որ  օտարերկրյա քաղացիները կարող են գալ Հայաստան, և եթե վարակվել են, քննարկվում է նրանց անվճար բուժման հարցը.

«Իմ գործընկերներից շատերը վարակվել են կովիդով և տնային պայմաններում բուժում են ստանում, բայց մենք չտեսանք, որ մեր առողջապահական համակարգը նրանց բուժումը կազմակերպեր անվճար: Բուժումը նրանց վրա նստել է 400-ից 500 հազար, հիմա օտարերկրյա քաղաքացիներին բուժելու փոխարեն, մենք մեր հայրենակիցներին չենք առաջարկում բուժում և Պարետատնից զանգում առաջարկում են ընդամենը սննդի փաթեթ:

«Բարգավաճ Հայստան»-ը նպատակահարմար չի գտնում արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը և այն սահմանափակումները, որը այստեղ ներկայացրեցիք , հնարավոր էր անել Արտակարգ իրավիճակում բնակչության  պաշտպանության մասին օրենքի նախագծում մի քանի փոփոխութուն կատարելով»,- ընդգծեց նա: