«Մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում արդեն իսկ հրապարակել ենք մեր պարզաբանումը լրատվամիջոցի հրապարակման վերաբերյալ»,- Irakanum.am-ին փոխանցեցին Արաբկիր բժշկական կենտրոնից, ի պատասխան մեր այն հարցի, թե լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկության համաձայն ԲԿ-ից երեխային հետազոտելու համար գումար են պահանջել։ Նշենք, որ նման հրապարակում արել էր shamsyan.com-ը։

Ներկայացնում ենք Արաբկիր բժշկական կենտրոնի պարզաբանումը։

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն տեղեկացնում է, որ «Արաբկիր» ԲՀ-ին առնչվող 10.08.2020-ին հրապարակված դեպքի մանրամասները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ երեխային բժշկական համալիր են բերել արդեն իսկ Շտապ օգնության անձնակազմի ցուցաբերած առաջին օգնությունից՝ ջերմիջեցնող դեղորայք ներարկելուց հետո, եւ բժշկական համալիրի ընդունարանում ջերմաչափման ցուցանիշը եղել է ոչ թե 40.5, ինչպես նշված է հոդվածում, այլ 38.1: Այսինքն դեղորայքի ազդեցությամբ երեխայի ջերմությունն արդեն իսկ իջնում էր եւ կրկնակի ջերմիջեցման կարիք չկար:

✅Ինչ վերաբերում է թեստին, որն առիթ է դարձել ծնողի վրդովմունքի եւ այս կարգի հրապարակման.
ընդունարանի բժիշկը կատարել է երեխայի օբյեկտիվ զննում, տեսել, որ նրա աջ լիմֆատիկ հանգույցը ձախի համեմատ մեծացած է 1.5 սմ-ով, բկանցքը հիպերէմիկ է եւ առկա է էքսուդատ, տվել է ախտորոշում՝ տոնզիլիտ /ժողովրդական լեզվով՝ անգինա/ եւ առաջարկել կատարել թեստ՝ որոշելու տոնզիլիտի բնույթն ու հասկանալու՝ կարիք կա՞ հակաբիոտիկի, թե՞ ոչ: Բժշկական տեսակետից այս թեստի անցկացումը անհապաղ միջոցառում չէ, դա կարելի էր անել ոչ հենց այդ պահին, եւ երբ ծնողը հրաժարվել է վճարել թեստի համար, ինչն օրինական վճար է /strep-test-ը ներառված չէ պետպատվերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայությունների մեջ/, բժիշկն առաջարկել է գնալ տեղամասային պոլիկլինիկա, որտեղ էլ կկազմակերպեին բակտերիոլոգիական այդ կարգի հետազոտությունը:

✅Երեխան այդ պահին կարիք չի ունեցել հոսպիտալացման, քանի որ եղել է աշխույժ, հեղուկներ է ընդունել եւ ջերմությունն իջնելու տենդենց կար: Սակայն հաշվի առնելով ծնողի վախեցած լինելը, որից բխելով հնարավոր է տանը ճիշտ չկազմակերպվեր երեխայի խնամքը, առաջարկվել է հոսպիտալացում, ինչին երեխայի մայրն ի սկզբանե հակված չի եղել եւ հրաժարվել է, ասելով՝ վիրուսների մե՞ջ: Լսելով վճարովի թեստի մասին, նա վրդովվել եւ անմիջապես դուրս է եկել ընդունարանից՝ չվերցնելով անգամ բժշկական խորհրդատվության թերթիկը:

‼️‼️‼️Հորդորում ենք հրապարակման հեղինակներին չտարածել միակողմանի տեղեկատվություն, լսել նաեւ երկրորդ կողմին, ինչը, կարծում ենք, էթիկայի պահպանման ամենակարեւոր կետերից մեկն է:

👩‍🔬«Արաբկիր» բժշկական համալիրը հավատարիմ է իր առաքելությանն ու պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել բոլոր պացիենտներին: