2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նախկին ամուսինը՝ հարբած վիճակում, պառկել, քնել է իր տան մուտքի դիմաց, ինչի պատճառով անչափահաս թոռը մնացել է դրսում՝ վախենալով տուն մտնել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ահազանգի հիման վրա՝ՀՀ ոստիկանության ծառայողները մեկնել են նշված հասցե եւ պահանջել, որ վերոնշյալ տղամարդը ազատի տան մուտքը: Վերջինս, իջնելով շենքի առաջին հարկ, շքամուտքի դիմացի հատվածից վերցրել է գարեջրի շիշ, կոտրել այն եւ դրանով հարվածել ոստիկանության ծառայողին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա սկսել է ինքնավնասել իրեն, ինչից հետո վնասազերծվել է մյուս ոստիկանների կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Արարատ քաղաքի բնակչուհու նախկին ամուսինը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: