Վ.Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնել էր, որ ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով նախաքննության ընթացքում բացահայտվել են Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 միլիոն դրամի վնաս:

«Քրեական գործով պարզվել է, որ 1997-2011 թվականներին ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության (2007թ.-ից` ռազմական ոստիկանության) վարչության պետի, ապա` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում, այն է` ՀՀ ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Վերջիններս զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՀՀ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54 միլիոն 790 հազար 433 ՀՀ դրամ, որից 21 միլիոն 691 հազար 481 ՀՀ դրամը` Վ. Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում», — ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, շարունակում է ՀՔԾ-ն, «2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը` Վլադիմիր Գասպարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15 միլիոն ու 10 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների` ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Զաքարյանին և ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Գ. Գասպարյանին»:

Ըստ ՀՔԾ-ի՝ Վլադիմիր Գասպարյանը «10 միլիոն դրամ արժողությամբ մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին»:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8 միլիոն 838 հազար 362 ՀՀ դրամ: Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը», — ասված է հաղորդագրությունում:

«Քրեական գործով պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը Լևոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող` ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին` նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով` ընդհանուր 7 միլիոն 954 հազար 103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս», — շարունակում է ՀՔԾ-ն:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, Վարդան Թունյանը, «իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ոստիկանության մեկ այլ աշխատակցի հանձնարարել է աշխատանքային բուն գործառույթները կատարելու փոխարեն պետական միջոցների հաշվին իրականացնել իր ընտանիքի անդամների փոխադրումը տարբեր վայրեր»: «Արդյունքում, 2016-2018 թվականների ընթացքում հիշյալ աշխատակցին անհիմն վճարվել է 3 միլիոն 750 հազար 960 ՀՀ դրամ աշխատավարձ», — փոխանցում է ՀՔԾ-ն:

«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018թթ-ի ընթացքում յուրացրել է 2 միլիոն 762 հազար 275 ՀՀ դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին», — նշված է հաղորդագրությունում:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ):

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: