Գյումրիում  կորոնավիրուսը նահանջելու միտում  ունի. օգոստոսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 5 նոր դեպք։ Այս մասին հայտնում են մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից նշելով, որ օգոստոսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 28 բնակիչ է բուժվում։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8 238 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6 884 նմուշառման հետազոտություն։

Մարզում օգոստոսի 9-ի դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 495 քաղաքացի, նրանցից 102-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 494 բնակիչ։

53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք:

Արձանագրվել է մահվան 36 դեպք: