ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերը երկու օր անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստի գոտիներում, տեսարժան վայրերում։

Հանգստյան օրերին Ջերմուկ քաղաքի գալերեայի և Ջրահարսի վարսեր ջրվեժի հարակից տարածքներում խստորեն վերահսկվել են անկանոն հերթերի, մարդկային կուտակումների բացառումը, սոցիալական հեռավորություն պահպանելու ու դիմակ կրելու պահանջների պարտադիր կատարումը։

ԲԸՏՄ մասնագետներն անակնկալ ստուգայցերի ընթացքում խմբերով շրջող, սոցիալական հեռավորություն չպահպանող, դիմակը սխալ կրող այցելուներին տվել են ցուցումներ՝ թերություններն անհապաղ վերացնելու և սանիտարահամաճարակային նորմերն անխտիր պահպանելու մասին։

Առողջարանային համալիրների տարածքներում դիմակ չկրող անձիք ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։

Համավարակի կախարգելմանն ուղղված խստացված շրջայցերն ու մշտադիտարկումները ԲԸՏՄ-ն իրականացնում է հանրապետության ողջ տարածքում՝ անակնկալ և ամեն օր։